Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների տասնօրյակը եզրափակեց ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆՈՒ «Մերսեդես» պիեսը: Թատրոնի խաղացանկը հարստացավ ևս մեկ ներկայացմամբ: Բեմադրիչը ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ է, ով գլխավոր դերի համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից հրավիրել էր հայազգի դերասանուհի ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻՆ: Ներկայացման կոմպոզիտորը Վահան Արծրունին է: Մի կյանքի պատմությունը հմտորեն միահյուսում է ընտանեկան դրաման և պատմական հեռու-մոտ անցքերը. օտարություն, հայրենադարձություն, ստալինյան ռեպրեսիա, մատնություններ, վառարանների ծխի մեջ կորած ցուրտ քաղաք, անկախության երազանք: Հին, անցած, վերապրած ժամանակները մի ուրիշ գույնով են ներկայանում: Դա արվեստի գույնն է:
«ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՁ ԱՅՆՔԱ՜Ն ՄՈՏ Է»
«Մերսեդեսը» հայ հանդիսատեսն ընդունեց սիրով ու ծափողջույններով: Ներկայացումից հետո Հակոբ Ղազանչյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կլինի «Մերսեդեսի» ճակատագիրը, երբ գլխավոր հերոսուհին մեկնի ԱՄՆ: «Դեռ չենք հասցրել ինչպես հարկն է խոսել այդ մասին՝ ի՞նչ է լինելու, ե՞րբ կարող է գալ Նորա Արմանին: Եթե նա երկար ժամանակ բացակայի, այստեղ մենք նոր դերասանուհի կպատրաստենք (համարյա պատրաստ է): Նա կխաղա գլխավոր հերոսուհու դերը, երբ Նորան գա Հայաստան, Նորան կխաղա»,- ասաց Հակոբ Ղազանչյանը:
«Բացի այն, որ մենք տեսնում ենք տարբեր ժամանակաշրջանների պատմությունը, «Մերսեդեսը» նաև մի կնո՞ջ պատմությունն է, որ կարող էր նույնքան հուզիչ ու խոսուն լինել այլ իրավիճակներում»,- այս հարցն ուղղեցինք Նորա Արմանիին։
-Հետաքրքիր հարց է: Այո, և միշտ, ամենուր կինն ավելին է վերցնում իր ուսերի վրա, ավելի է չարչարվում:
-Ի՞նչ կարող է ասել «Մերսեդեսն» այսօրվա հանդիսատեսին: Ձեզ հատկապես ի՞նչն է հուզել։
-Այս պատմությունն ինձ այնքա՜ն մոտ է... Քիչ առաջ ինձ մոտեցել էին երկու հոգի, մեկը տասը տարի է, ինչ Հայաստան է տեղափոխվել, մյուսը` քսան, 1948 թվի հայրենադարձներից չեն, նոր են տեղափոխվել: Ասացին` ոնց որ մեր կյանքը լինի: Այսինքն` հեռավոր չէ այս պատմությունը, այժմեական է և շարունակվում է:
-Ներկայացումը ցուցադրվելու է նաև արտերկրում: Դրսում ապրող մեր հայրենակիցներին այն, անշուշտ, ասելու շատ բան ունի, իսկ կարո՞ղ է հուզել, հետաքրքրել այլազգիներին:
-Անպայման, որովհետև Սովետմիությունում բնակություն հաստատելը և երկաթյա վարագույրի հետևում ապրելը միայն հայերին չէր հատուկ: Կոմունիստական գաղափարախոսությամբ խանդավառված՝ աշխարհի տարբեր անկյուններից մարդիկ գալիս էին Խորհրդային Միություն և հիասթափություն ապրում:
-Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների մասին ի՞նչ կասեք:
-Անուշիկ են, հոգյակներ են, ձագուկներս են բոլորը: Նման գեղեցիկ, ազնիվ, տաղանդավոր դերասանների հետ աշխատելը մեծ հաճույք է:
-«Մերսեդեսի» հաջորդ ցուցադրությունը ե՞րբ կլինի:
-Երանի թե վաղը լիներ... Հուսամ` շուտով:
«ԱՐԴՅՈ՞Ք ԶԱՐՈՒՀՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՏԵՍԱՆ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԵՐՋԱՆԻԿ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
Ներկայացումից դուրս էր մնացել մեր ժամանակը՝ այսօրվա օրը։ Այս հարցը շատերին էր հետաքրքրում։
-Ինքս ութսունականներից հետո եմ ծնվել, այն, ինչ եղել է դրանից առաջ, վերականգնել եմ պատմության միջոցով,- ասաց Անուշ Ասլիբեկյան-Արծրունին:- Ավագ սերունդը տեսել է դա, առավել երիտասարդները՝ ոչ: Իննսունականներն ու դրանից հետոն հանդիսատեսին ծանոթ են: Այդ ժամանակը նա ապրել է: Երբ Զարուհին ասում է` վստահ եմ, որ անկախությունը պիտի գա, ու իմ թոռնիկը պիտի ապրի ազատ, անկախ, երջանիկ Հայաստանում, դրանում դառը հեգնանք կա: Հանդիսատեսը հոգոց է հանում` արդյո՞ք ամեն ինչ այդպես է: Արդյո՞ք ամբողջ կյանքը հայրենիքի երազանքին նվիրած Զարուհու սերունդները տեսան ազատ, անկախ, երջանիկ հայրենիքը: Այս «հարցականները» Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման մեջ պետք է լինեն:
-Ներկայացման վերջում արտերկրում ապրող հերոսուհին աճյունն ուղարկում է Հայաստան: Ինչո՞ւ հենց այդպիսի ավարտ ընտրեցիք: Մեղադրանք կա՞ր, թե՞ չկար:
-Այս պիեսը իրական հայրենասիրության մասին է, հայրենասիրություն, որը բարձրագոռգոռ չէ, խոսքերով չէ, այլ ապրելակերպի, կյանքի, տեսակի մեջ է դրսևորվում՝ ամբողջ մի կյանքի զոհաբերման մեջ: Ես երկու տեսակի հայրենասիրություն եմ պիեսում ներկայացնում՝ ի դեմս երկու քույրերի: Նրանցից մեկը չի համարձակվում փոխել իր կյանքը և մնում է Հունաստանում, իսկ մյուսն այդ համարձակությունն իր մեջ գտնում է ու գալիս Հայաստան: Արդյո՞ք մենք մեղադրում ենք նրանց, ովքեր մնում են: Բնավ` ոչ, նա իր ամբողջ կյանքը զոհաբերելով այստեղ ապրող քրոջ ընտանիքին՝ ապացուցեց, որ սա էլ հայրենասիրության տեսակ է: Հետո՞ ինչ, որ ծնողների գաղթական լինելու, եղեռնի պատճառով իրենք բախտ չեն ունեցել ծնվելու հայրենիքում: Արտերկրում ապրող քույրը պակաս հայրենասեր չէ, քան մյուս քույրը, որ տեղափոխվեց հայրենիք և ամբողջ կյանքում կրելով կեղեքումներ, տառապանք, ոչ մի վայրկյան չափսոսեց Հայաստան գալու համար: Ներկայացման ավարտը հենց դա է մատնանշում: Գոնե մահից հետո Հունաստանում ապրող քույրը ցանկացավ միանալ հայրենի հողին: Բեմադրիչը փոքր-ինչ վերափոխել է վերջաբանը, ինչը լիովին համահունչ է իր ընտրած մեկնակետին: Տղան, որ կարծես խորհրդանշում է մարդկության հիվանդ խիղճը և այդ ամբողջ ցավն իր մեջ է կրում, ներկայացման վերջում աճյունի անանուն սափորը պարզում է դեպի հանդիսատեսը: Իբրև թատերագետ՝ երկու կերպ կմեկնաբանեմ վերջաբանը. աստվածաշնչյան մեկնաբանությունը` «Առեք, կերեք, այս է իմ մարմինը», և երկրորդ` «Հայ ազգ, ընդունիր ինձ, հեռավոր հողերում ծնված և հայրենիքի կարոտը սրտում մահացած զավակին»:
Ճեպազրույցները`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարները` Գարեգին ԱՂԱԲԵԿՅԱՆԻ